Vardan       

Հարգելի բարեկամներ.

Ուրախ եմ, որ ունեմ հնարավորություն Ձեզ ողջունելու և համառոտ նկարագրելու մեր աշխատանքների մասին: Սույն կայքը ստեղծվել  և կթարմացվի մեր կենտրոնի աշխատակիցների կողմից ակնկալելով ավելի սերտ համագործակցության մեզ մոտ բուժվողների հետ:

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը միշտ պատրաստակամ է աջակցելու և օգնելու բոլոր նրանց ով մեր կարիքը ունի:  Դրանք այն մարդիկ են, որոնք ունեն ֆիզիկական կամ մտավոր սահմանափակումներ  և իհարկե նրանք ովքեր ունենում են ժամանակավոր տկարություններ: Կենտրոնում աշխատում են  իրենց գործին արհեստավարժ  մասնագետներ, որոնք ոչ միայն անում են իրենց հնարավորինը  Ձեզ օգնելու, այլ նաև սրտացավ են բոլոր Ձեր խնդիրներին:

Վերականգնողական կենտրոնը Ձեր երկրորդ տունը կլինի բուժման ընթացքում, այստեղ պետք է ընդունել բոլոր կարգապահական պահանջները, դրանց պահպանումը անհրաժեշտ է և’ Ձեզ, և’ Ձեր հետ  բուժվողներին:

Վերականգնողական բուժումը բուժվողից  պահանջում է լիարժեք մասնակցություն բուժման ժամանակ: Այստեղ Դուք եք Ձեզ բուժողը, իսկ Վերականգնողական կենտրոնի թիմը  աջակցում և ուղղություն է տալիս Ձեզ Ձեր բուժման նպատակներին հասնելու:

Մեր նպատակն է Ձեզ հնարավորինս դարձնել ինքնուրույն Ձեր ամենօրյա կյանքում:  Եթե ունեք  ֆիզիկական սահմանափակումներ, մենք կօգնենք Ձեզ գտնել դրանց լուծումները: Մեր Կենտրոնը անվճար է բոլոր նրանց համար, ովքեր ունեն ԼՂՀ կառավարության կողմից սահմանված արտոնություններ: Ցավոք մենք ստիպված ենք լինում ուշացնել դիմողի բուժման սկիզբը, քանզի պահանջվում է հերթագրել, արտահերթ են նրանք որոնք առաջին անգամ են մեզ դիմում կամ  ունեն նոր ստացված վնասվածքներ:

Մենք ուրախ ենք, որ ունենք հնարավորություն Ձեզ  աջակից լինելու և հույսով ակնկալում ենք, որ ժամանակի ընթացքում ավելի քիչ մարդիկ կունենան մեր կարիքը: Դրա համար ցանկանում ենք բոլորին առողջություն և հեռու լինեն կյանքի բարդ ու վտանգավոր փորձություններից:

Եղեք առողջ ու երջանիկ:

                                              Տնօրեն` Թադևոսյան Վ. Ն.

            

3T8A0394         

1988-1994թթ Արցախյան պատերազմի հետևանքով Արցախում բազմաթիվ վիրավորներ ու հաշմանդամներ կային: Չնայած մեծ կարիքին, չկար վերականգնողական կենտրոն, որը համապատասխան բուժման ծրագիր կունենար սահմանափակ հնարավորություներով մարդկանց բուժումը իրականացնելու համար:

Վերականգնողական կենտրոնի նախաձեռնությունը Բարոնուհի Քերոլայն Քոքսինն էր, քանի որ նա լինելով նախկին բուժքույր` լավ տեսնում էր դրա անհրաժեշտությունը:

Քանդված շենքը, որը պետք է դառնար վերականգնողական կենտրոն, կարճ ժամանակում կարգավորվեց և կառուցվեց: 1998-2000թթ. այդ շենքը հնարավորինս վերակառուցվեց և հարմարեցվեց սահմանափակ հնարավորություն ունեցող մարդկանց համար:

1999-2000թթ. կազմակերպվեցին մեկտարյա ինտենստիվ դասընթացներ, որի ընթացքում տեղացի տասերկու բուժքույր ընտրվեցին, որոնք կրթվեցին սահմանափակ հնարավորություններով մարդկանց վերականգնողական բուժման մեջ օգտագործելու ֆիզիկական և աշխատանքային թերապիա: Բուժքույրերը պատրաստվեցին լինել և՛ վերականգնող թերապիստ, և՛ վերականգնող բուժքույրեր:

2000-2005թթ. բուժվողների 70%-ից ավելին պատերազմի հետևանքով դարձած հաշմանդամներն էին, իսկ դրանից հետո մինչ այսօր ամեն տարի ավելանում են տարբեր հիմնախնդիրներ ունեցող մարդկանց թիվը՝ վերականգնողական բուժում ստանալու համար, և տեսանելի դարձնում վերականգնողական կենտրոնի խիստ անհրաժեշտությունը:

Այժմ կենտրոնն ունի 50 աշխատող, որից 25-ը բժշկական մասնագետներ  են, ինչպիսիք են` բժիշկ վերականգնողաբան, վերականգնող թերապիստներ, հոգեբաններ, լոգոպեդներ բուժքույրեր, սոց. աշխատող, որոնց աշխատանքը ուղղված է սահմանափակ հնարավորություններով մարդկանց բուժել և ինտեգրել հասարակության հետ: Կենտրոնում  ստեղծվել և գործում են արվեստի դասընթացներ` կավագործություն, նկարչություն և մաքրամե ուսուցանելու երիտասարդ հաշմանդամներին նոր մասնագիտության, որը նպաստում է բուժմանը, ինտելեկտուալ զարգացմանը: Կենտրոնում գործում է սպորտի խմբակ, որը լավ միջոց է համարվում հաշմանդամի  ֆիզիկական և հոգեբանական առողջությունը բարելավելու: Վերականգնողական կենտրոնում գործում է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների դասարան, որտեղ երիտասարդ հաշմանդամները կարող են սովորել և օգտագործել համակարգիչներ և համացանց: Ինչպես նաև ջրաբուժություն:

2007թ. վերականգնողական կենտրոնում բացվեց “Մանկական առողջության կենտրոն”, որտեղ հաճախում են երկուսից յոթ տարեկան մտավոր և ֆիզիկական խնդիրներով երեխաներ:

2005թ. սեպտեմբերի 12-ին կենտրոնը կոչվեց Քերոլայն Քոքսի անվան:

Կենտրոնի առաքելությունն է վերականգնողական բուժում ցուցաբերել հաշմանդամներին և նրանց ինտեգրնել հասարակության հետ, ինչպես նաև նպաստել նրանց ինքնուրույնությանը և անկախությանը:

Ցավոք կենտրոնը իր տեսակով միակն է տարածաշրջանում, այդ իսկ պատճառով բուժման համար դիմում են ֆիզիկական և մտավոր սահմանափակում և տկարություն ունեցող մարդկանց տարբեր խմբեր, առանց տարիքային սահամանփակումների:

Կենտրոնի առաջարկվող ծառայություններն են՝ ֆիզիկական թերապիա, աշխատանքային թերապիա, ջրաբուժություն, հոգեբանի և լոգոպեդի ծառայություն, սպորտի, արվեստի, տեղեկատվական տեխնոլոգիաների դասընթացներ:

Կենտրոնում ունենք 21 մահճակալ ստացիոնար բուժման համար, 20 մահճակալ Մանկական ցերեկային առողջության կենտրոնում: Կենտրոն հաճախում են օրական մինչև 50 ամբուլատոր բուժվող:

Վերականգնողական կենտրոնում գործում է կրթական բաժանմունք, որտեղ պատրաստվում և վերապատրաստվում են համապատասխան մասնագետներ, ինչպես կենտրոնի անձնակազմի շարքերը լրացնելու համար, այնպես ել ԼՂՀ տարբեր շրջանների հիվանդանոցների համար: Այժմ մենք ունենք պատրաստված մասնագետներ Հադրութի և Մարտակերտի շրջաններում, որոնց առաքելությունն է ֆիզիկական և աշխատանքային թերապիա անցկացնել նշված շրջանների հիվանդանոցներում՝ սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց հետ:

Կենտրոնը մեծ նշանակություն է տալիս նաև մասնագետների շարունակական կրթությանը, որի ընթացքում ՀՀ-ից և արտասահմանյան տարբեր երկրներից հրավիրվում են մասնագետներ՝ դասախոսություններ վարելու և փորձի փոխանակում կատարելու համար:

  Վերականգնողական կենտրոնը ստեղծման օրվանից ունի տնային այցելության բաժանմունք, որը սպասարկում է խիստ սահմանափակում ունեցող 100-ից ավելի մարդկանց՝ տնային պայմաններում համապատասխան բուժումը շարունակելու և մեր աջակցությունը ստանալու համար:

Վերակագնողական կենտրոնը ամեն տարի կազմակերպում է ամառային ճամբարներ և սպորտային միջոցառումներ: Այդ գործում համագործակցում ենք ԼՂՀ Մշակույթի նախարարության և Կրթության և սպորտի նախարարության հետ:

Տվյալ պահին վերականգնողական կենտրոնում կատարվում են շինարարական աշխատանքներ աուտիզմի սինդրոմով և ՄՈՒԿ-ի խանգարումներով երեխաների բուժման համար հատուկ մասնագիտացված ենթակենտրոն կառուցելու համար: Այդ ծրագիրը հովանավորվում է ԼՂՀ Կառավարության, Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամի ու Հովարդ Կարագյոզյան ԲԲՀԿ-ի կողմից: Ակնկալվում է, որ այդ ենթակենտրոնը կբացվի սույն թվականի սեպտեմբերին: Կենտրոնի բացումից հետո 11 մասնագետ կհամալրեն մեր բժշկական թիմը:

Կենտրոնը իր գործունեության տարածաշրջանում մեկուսացված է աշխարհից, այդ իսկ պատճառով մենք բարձր ենք գնահատում աշխարհի տարբեր վերականգնողական կենտրոնների, ինչպես նաև անհատ մասնագետների հետ համագործակցությունը:

Վերականգնողական կենտրոնի դռները միշտ բաց են այն մարդկանց համար, ովքեր ուզում են կամավորական աշխատանքներ կատարել սահմանափակ հնարավորություններով մարդկանց հետ: